Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դեմիրճյանի տուն-թանգարանի երաժշտական երեկոն մեկնարկեց «Մի լար» ռոմանսով (տեսանյութեր)

Դեմիրճյանի տուն-թանգարանի երաժշտական երեկոն մեկնարկեց «Մի լար» ռոմանսով (տեսանյութեր)
18.05.2014 | 20:57

Թանգարանային գիշերը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում երաժշտական էր: Խորագիրը` խորհրդանշական. «Մի՛ լար»: Գրողի հյուրասենյակում Մարիետա Բադալյանը ներկայացրեց հայկական ռոմանսներ: Երեկոն մեկնարկեց Դերենիկ Դեմիրճյանի խոսքերով` Ռոմանոս Մելիքյանի գրած «Մի՛ լար» ռոմանսով:

Տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ նշեց, որ «Մի՛ լարը» զետեղված է 1928-ին լույս տեսած Ռոմանոս Մելիքյանի «Զմրուխտի» ռոմանսների ժողովածուում: Ժամանակին շատ հայտնի է եղել, բայց վերջին տարիներին գրեթե չի հնչել. «Որոշ տարբերակներ Youtube սոցցանցում հանդիպել ենք, բայց դրանք հեռու էին դասական նոտագրված տարբերակից, և մենք խնդրեցինք Մարիետա Բադալյանին, ով դասական արժեքների կողմնակից է, ինչպես և մենք, պատրաստել «Մի՛ լարը» հենց «Զմրուխտի» ժողովածուից ու հնչեցնելայս երեկոյի ընթացքում»:
«Մի՛ լարը» հրաշք երգ է»,- ասաց ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ,- չգիտեմ` կկարողանամ ներկայացնել այնպես, ինչպես զգացել է Ռոմանոս Մելիքյանը: Ինձ թվում է` Դերենիկ Դեմիրճյանը և Ռոմանոս Մելիքյանն իրար հետ են աշխատել երգը ստեղծելու պահին: Որովհետև շատ համահունչ են խոսքերն ու մեղեդին»:
Կարինե Ռաֆայելյանը նշեց, որ մի ժամանակ «Մի լարը» թանգարանում, մտերիմների շրջանում կատարել է Դեմիրճյանի ժամանակակից, երիտասարդ գրչընկեր, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը: «Վերջին անգամ նա «Մի լարը» երգեց իր մահից տառացիորեն րոպեներ առաջ, 1997-ին: Մենք ուզում ենք, որ ռոմանսը վերապրի, վերականգնվեն հիշողությունները, և կարծում եմ, որ այդ գեղեցիկ մեղեդին բոլորիդ հիշողության մեջ կմնա այս երեկոյից հետո»:
Բացառիկ մի երգ ներկայացրեց նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ: Պատմեց, որ մայրը իրենց համար միշտ երգել է գեղեցիկ այդ ռոմանսը: ՈՒ մինչ օրս, երբ իրենց գերդաստանում որևէ մեկը ամուսնանում է, պարտադիր կատարում են այդ երգը: Տիկին Բախշյանը երգի հետ կապված մի պատմություն էլ վերհիշեց. «Մայրս, մահից հետո, երազումս երևաց ու ասաց` ափսոս է այդ երգը, Անահիտ, կգնաս Գոհար Գասպարյանին կասես, որ երգի»: Եվ անսովոր առաջարկով ու բացառիկ երգով հյուր են գնում Գոհար Գասպարյանին: Երգում են հին, անհայտ ռոմանսը: «Մայրս չգիտեր` ով է երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը: Սկսեցինք գուշակել` ո՞վ կարող է լինել: Եզրակացրինք, որ խոսքերի հեղինակը Պատկանյանն է, երաժշտությունն էլ` Կանաչյանինն է:
Կարծում եմ` Մարիետա Բադալյանի երգացանկը կհամալրվի ևս մեկ ռոմանսով: Սա իսկական քո երգն է»,- ասաց տիկին Բախշյանը` դիմելով երգչուհուն:

Հավելենք, որ թանգարանն իր ավանդական նվերը մատուցեց նաև փոքրիկներին: «Ագուլիս» տիկնիկային թատրոնում թանգարանի փոքրիկ այցելուները դիտեցին Թումանյանի «Պոչատ աղվեսը» ներկայացումը:

«Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Համաեվրոպական այս միջոցառումը հոբելյանական է, անցկացվում է 10-րդ անգամ:
Մայիսի 18-ը որպես Թանգարանների միջազգային օր նշվում է 1977-ից: Այս տարի միջոցառմանը միացել էր Հայաստանի և Արցախի շուրջ 100 թանգարան:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

«Մի՛ լար» ռոմանսը` Մարիետա Բադալյանի կատարմամբ
Բացառիկ երգ ներկայացրեց Անահիտ Բախշյանը
Դիտվել է՝ 1516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ